- Հայաստան, Քաղաքական

ԱՄՆ-ում սովորող 35 հայ աշակերտներ Հայաստան են վերադառնում

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում սովորող 35 հայ աշակերտների Հայաստան վերադարձի մասին:

Խոսնակի մեկնաբանության մեջ նշված է.

«ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է եղել FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի հայ աշակերտների և ծրագրի հայաստանյան ներկայացուցչի հետ:

Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում և Ամերիկյան խորհուրդների հետ սերտ համագործակցությամբ ապրիլի 9-ին կազմակերպվել է FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ և վրացի աշակերտների վերադարձը համապատասխանաբար Հայաստան և Վրաստան:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի-Երևան չվերթով։

Չիկագոյի օդանավակայանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից հայ աշակերտներին տրամադրվել են առողջապահական անվտանգության անհրաժեշտ պարագաներ: Համակարգվել է նաեւ Դոհայի օդանավակայանում հայ ուսանողների դիմավորումն ու ուղեկցումը մինչ մեկնման մյուս սրահ:

Վերոնշյալ համագործակցության արդյունքում Հայաստան են վերադառնում 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Սա Հայաստանի և Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի խորհուրդներին՝ հայ աշակերտների տեղափոխումն արագ ու հարթ կազմակերպելու, ինչպես նաեւ մեր վրաց գործընկերներին՝ աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար:

Մեկնաբանություններ