- Աշխարհ, Հայաստան, Քաղաքական

ԱՄՆ-ում չեղարկել են Ապրիլ 24-ի ոգեկոչմանն առնչվող բոլոր միջոցառումները

Հաշվի առնելով ներկայիս Կորոնավիրուս համաճարակից ստեղծված իրավիճակը, Լոս Անջելոսի Միացյալ Մարմինը, Միացյալ Հայ Երիտասարդները և Հայոց Ցեղասպանության Հանձնախումբը որոշել են չեղարկել Ապրիլ 24-ի ոգեկոչման առնչվող բոլոր միջոցառումները:

Համայնքային այս երեք կազմակերպությունները ծրագրել էին ա) Ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր բ) Քայլարշավ ցույց Փոքր Հայաստան, Լոս Անջելոս և գ) Բողոքի ցույց Լոս Անջելոսի Թուրքական հյուպատոսության առջև:

Վերոհիշյալ կազմակերպությունները կայացրել են նման որոշում ոչ միայն ելնելով զուտ բարոյական նկատառումներից, այլև հետևելով տեղական իշխանությունների առողջապահական կանոնակարգին, որոնք ստեղծվել են Կորոնավիրուսի տարածումը մեղմացնելու և կյանքեր փրկելու համար:

«Մենք շարունակում ենք մնալ հավատարիմ Հայ Դատի պահանջնրին և շարունակելու ենք մեր աշխատանքները ուղված Հայոց Ցեղասպանության արդար լուծորոշմանը՝ պահանջելով ճանաչում Թուրքիայի կառավարությունից, ինչպես նաև արդար փոխհատուցում: Թեպետ մենք չենք կարողանալու միասնական բողոքի ձայն բարձրացնել Ապրիլի 24-ին, մենք գիտակցում ենք, որ մեր միասնական աշխատանքները պետք է տարվեն տարին 365 օր: Մենք կշարունակենք լինել միասնական և մեր ձայնը լսելի կդարձնենք մեր 1,5 միլիոն զոհերի համար: Առաջիկա օրերին մենք կհայտարարենք Ապրիլ 24-ի ոգեկոչման այլ ծրագրերի մասին, որոնք կփոխարինեն ավանդական հավաքներին:

Մենք շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների Տան Պալատին և Սենատին Հայոց Ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև ճշմարտությունը և արդարությունը վերահաստատելու համար: Շնորհակալ ենք նաև իրենց անկոտրուն աշխատանքների համար այս անորոշ և դժվար ժամանակներում:

Մենք հուսով ենք և աղոթում ենք, որ այս համաճարակը շուտով կվերջանա ու մեր համայնքը էլ ավելի կհզորանա

Միացյալ այս հանձնախումբը ձեզ մաղթում է ամենայն բարիք: Մնացեք միշտ առողջ և ապահով»,- ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ