- Աշխարհ, Առողջապահություն, Արցախ, Կյանք, Հայաստան, Մարզեր, Քաղաքական

Աշխարհի աշխատունակ բնակչության կեսը կարող է կորցնել իր ապրուստի միջոցները

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) գնահատել է COVID-19-ի համավարակի ազդեցությունը եւ եզրակացրել է, որ աշխարհի աշխատունակ բնակչության մոտ կեսը կարող է կորցնել ապրուստի իր միջոցները: Ակնկալվում է, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակը նույնիսկ ավելի կործանարան կլինի զբաղվածության համար, քան առաջինն էր, փոխանցում է Euronews-ը:

«Մենք հաստատ գիտենք, որ այս տարվա երկրորդ եռամսյակում ընդհանուր աշխատանքային ժամերը 10.5 տոկոսով կկրճատվեն,- հայտարարել է ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը:- Սա համարժեք է լրիվ դրույքով 305 միլիոն աշխատատեղերի վերացմանն աշխարհում»:

Կարանտինային միջոցառումներն ամենածանր կերպով կանդրադառնան տնտեսության ոչ ֆորմալ հատվածում աշխատող 2 միլիարդ մարդու վրա: Նրանք պաշտպանված չեն  պայմանագրային պարտավորություններով գործատուի կողմից, մինչդեռ սոցիալական հեռավորության պահպանման պայմաններում նրանք գործնականում չեն կարողանա գումար վաստակել:

«Մեր հաշվարկներով` տնտեսության ոչ ֆորմալ հատվածում միջին եկամուտները կընկնեն 60 տոկոսով: Եվ մենք խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր արդեն առանց դրա էլ քիչ են վաստակում: Բնակչության առավել խոցելի խմբերին միջազգային սոլիդարություն է հարկավոր գոյատեւման համար»,- նշել է Գայ Ռայդերը:

Հեշտ չէ նաեւ գործատուների համար. Աշխատանքի միջազգային կազմակերպության հաշվարկներով ՝ ամբողջ աշխարհում համավարակի պատճառով սնանկության եզրին է հայտնվել շուրջ 436 միլիոն ձեռնարկություն: Ամենածանր իրավիճակը զարգացել է մշակող արդյունաբերության ոլորտում, մեծածախ վաճառքով զվաղվող ընկերությունների եւ գրասենյակների համար ծառայություններ մատուցող ընկերությունների համար:

Մեկնաբանություններ