- Աշխարհ, Գիտություն, Կյանք

Աֆրիկայում հայտնաբերել են մարդու հնագույն նախնու մնացորդները

Հարավաֆրիկյան հանրապետության արևելքում գտնվող Դրիմոլեն քարանձավում հնէաբանները հայտնաբերել են մարդու նախնիների՝ Homo erectus-ի հնագույն մնացորդները: Սա ցույց է տալիս, որ երկու միլիոն տարի առաջ Աֆրիկայի հարավում ապրում էին միանգամից երեք տեսակի հնագույն մարդիկ։ Հոդվածը հրապարակել է Science գիտական ամսագիրը։

«Մինչ այդ գտածոն մենք կարծում էինք, որ Homo erectus-ի առաջին ներկայացուցիչները ապրել են Աֆրիկայի արևելքում։ Սակայն DNH 134-ի գանգի բացահայտումը ցույց է տալիս, որ ուղիղ քայլող մարդիկ, մարդկության հնագույն ուղղակի նախնիները, կարող էին լինել նաև հարավային Աֆրիկայի տարածքում: Այնտեղից նրանք ներթափանցել են արևելյան Աֆրիկա, որտեղից տարածվել են ամբողջ երկրով մեկ», – պատմել է Յոհանեսբուրգի համալսարանի պալեոնտոլոգ Ստեֆանիա Բեյքերը։

DNH 134

DNH 134

 

Մարդու առաջին ուղղակի նախնիները՝ ուղիղ քայլող մարդիկ (Homo erectus), Աֆրիկայի արևելքում հայտնվել են մոտավորապես երկու միլիոն տարի առաջ: Ինչպես այսօր կարծում են բազմաթիվ մարդաբաններ, դրանք կապված են ոչ միայն ժամանակակից մարդկանց նախնիների, այլև ինդոնեզական Ֆլորես կղզու նեանդերթալցիների, դենիսովցիների ու «հոբիթների» հետ, որոնք մահացել են համեմատաբար վերջերս՝ մոտ 60-50 հազար տարի առաջ:

Ուղղակի մարդիկ այսօր համարվում են առաջին բարդ գործիքների գյուտարարներ, կրակի հայտնագործողներ և առաջին խոհարարներ։ Բացի այդ, նրանք առաջինն են լքել Աֆրիկայի սահմանները ու բնակեցրել ամբողջ հին աշխարհը։

Անցկացնելով «ուսումնական» պեղումները Դրիմոլեն քարանձավում, որը գտնվում է ՀԱՀ արևելքում, Բեյքերն ու նրա գործընկերները պարզել են, որ դա կարող էր տեղի ունենալ շատ ավելի վաղ, քան հիմա ենթադրում են գիտնականները: Հնէաբանները ենթադրում են, որ մոտ երկու միլիոն տարի առաջ այդ քարանձավը բնակեցրել են պարանտրոպները (Parantropus robustus), իսկ ավելի ուշ այնտեղ սկսել են առաջանալ Homo ցեղի ներկայացուցիչների կայանատեղիները:

Ուսումնասիրելով այս քարանձավի հատակին հողի հնագույն շերտերը՝ Բեյքերը գտել է գանգի վերին մասի մի քանի բեկորներ։ Այդ բեկորների ձևը (գիտնականները նրանց շնորհել են DNH 134 անվանումը) բացարձակապես նման չէ պարանտրոպների, այլ պարզունակ հոմինիդների, կամ ավստրալոպիտեկների գանգերի կառուցվածքին։

 

Հնէաբանները շարունակել են պեղումները և գտել մի քանի այլ բեկորներ։ Դրա շնորհիվ գիտնականները վերակառուցել են գանգը, ինչպես նաև հաշվարկել այն ժամանակը՝ երբ է ապրել գանգի տերը՝ 1,93 – 2,05 մլն տարի առաջ:

Մեծ զարմանքով հետազոտողները պարզել են, որ այդ գանգը պատկանել է երեք տարեկան երեխային՝ Homo erectus-ին, որի ուղեղը չափերով չի զիջում մեծահասակ պարանտրոպներին ու ավստրալոպիտեկներին: Այդ տեսակետի օգտին է խոսում նաև գանգի կլորացված ձևը, ինչպես նաև գանգի տարբեր ոսկորներն իրար միացնող «կարերի» հատուկ կառուցվածքը, ինչը եզակի է Homo տեսակի ներկայացուցիչների համար:

«DNH 134-ի տարիքը վկայում է այն մասին, որ առաջին Homo erectus-ը երկրի վրա հայտնվել է առնվազն 150-200 հազար տարի ավելի շուտ, քան նախկինում էին ենթադրում: Ավելին, այժմ մենք կարող ենք ասել, որ ուղիղ քայլող մարդիկ իրենց տարածքը բաժանել են երկու այլ հոմինիդների հետ, ինչը, հավանաբար, ազդել է դրանց էվոլյուցիայի վրա», – կարծում է Էնդրյու Բեյքերը՝ Յոհանեսբուրգի համալսարանի պրոֆեսոր:

Մեկնաբանություններ