- Առողջապահություն, Կյանք, Հայաստան, Մարզեր

Բուհ ընդունվողներն այս տարի միայն մեկ քննություն կհանձնեն․ Արայիկ Հարությունյան

«Ընտրել ենք օպտիմալ տարբերակը, որպեսզի կարողանան և՛ դիմորդների գիտելիքը չափել, և՛ հնարավորինս չխոչընդոտենք հակահամավարակային միջոցառումներին ու խնդիրներ չստեղծենք»,- ասաց նախարարը:

Նա հիշեցրեց, որ գործող ընթացակարգի համաձայն, դիմորդներն իրենց հայտերն արդեն լրացրել են մինչև մայիսի 15-ը: Բայց, քանի որ ընթացակարգի փոփոխություն է տեղի ունեցել, անհրաժեշտություն է առաջացել հայտեր ներկայացնելու հնարավորություն տալ նաև նախորդ տարիների շրջանավարտներին կամ այն բուհեր դիմած դիմորդներին, որոնց քննություններն անորոշ ժամանակով հետաձգվել են: Այդ նպատակով նախարարությունում որոշում է կայացվել մայիսի 25-ից հունիսի 15-ը ժամանակ հատկացնել դիմորդներին հայտերի ներկայացման համար:

«Դիմորդները հնարավորություն կունենան ընտրել թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը: Մինչև մարտի 15-ը մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվեն քննությունների համար վճարված գումարները՝ փոխանցման միջոցով: Այսինքն՝ մենք միայն մի քննություն ենք հանձնելու: Մենք հիմա բուհերից առաջարկներն ստացել ենք ու քննարկելու ենք, և մինչև մարտի 30-ը կասենք, թե որն է լինելու այդ միակ ու հիմնական քննության առարկան»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը շեշտեց, որ այս կարգն ընտրվել է այն մտահոգությամբ, որ ընդունելությունը չիրականացվի միայն ատեստատի գնահատականի հիման վրա, և անպայման ստուգվի նաև իրական գիտելիքը:

Առարկաների ընտրությունը կատարվել է տվյալ բուհերում հանձնվող ընդունելության քննությունների առարկաների շարքից: Որևէ նոր առարկա չի լինելու, վստահեցրեց նախարարը:
Քննական կենտրոնները, նրա խոսքով, տեղադրվելու են ՀՀ ամբողջ տարածքում՝ տեղաշարժի հետ կապված խնդիրը լուծելու համար: Իսկ քննությանը կմասնակցեն սահմանափակ թվով դիմորդներ՝ կուտակումներից խուսափելու համար:

Դիմորդները քննությանը կմասնակցեն դիմակներով: Քննական կենտրոններն ապահովված կլինեն ախտահանիչ միջոցներով:
Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ քննությունները կանցկացվեն հուլիսի 1-ին տասնօրյակում:

Ինչ վերաբերում է բուհերի ավարտական քննություններին, դրանց անցկացման կարգն այս տարի կորոշեն բուհերը: «Քննության անցկացման ձևը որոշում են բուհերը՝ պահպանելով համավարակի չտարածման ընդհանուր կանոնները և մինչև հուլիսի 1-ը գործընթացն ամփոփելու պահանջը»,- ասաց Հարությունյանը:

Sputnik Armenia

Մեկնաբանություններ