- Ժամանց, Կինո, Կյանք, Մշակույթ

Ի՞նչ նայել այս երեկո․ Ապրիլի լավագույն ֆիլմը, որն արդեն հասանելի է համացանցում

Netflix ստրիմինգային հարթակում լույս է տեսել «Էվակուացիա» մարտաֆիլմը, որի վրա աշխատել են Marvel-ի մի քանի ֆիլմերի ստեղծողները: Ֆիլմում գլխավոր դերը խաղացել է Քրիս Հեմսվորթը, սցենարը գրել է Ջո Ռուսոն, իսկ ռեժիսորական աթոռը զբաղեցրել է Սեմ Հարգրեյվը՝ վերջին «Վրիժառուների» հնարքների համակարգողը: Կինոնկարը դարձել է շաբաթվա ամենաքննարկվող պրեմիերան:

Կինոնկարի գլխավոր հերոսը միայնակ վարձկան Թայլեր Ռեյքն է, ով նոր առաջադրանքի է մեկնում՝ առևանգողների ձեռքից ազատել դատապարտյալ նարկոբարոնի որդուն։ Առևանգողը երեխայի հոր մրցակիցն է։ Տղան  երկու անխիղճ հանցագործների պատերազմում դարձել է գործիք ու այժմ շրջապատված է մինչև ատամները զինված ավազակներով։ Նրան փրկելու համար Ռեյքը թափանցում է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքա, սակայն շուտով ինքն է դառնում է տեղի ավազակների ու զինվորների թիրախը:

Ֆիլմի ամենաքննարկվող դրվագներից մեկն է մի կադրի տեսքով մոնտաժված էքշն-տեսարանը։ Այն տևում է 12 րոպե, ուղեկցվում է մեքենաների հետապնդումներով, կրակոցներով ու պայթյուններով։

Էքշն–տեսարանները, նույնիսկ ամենավտանգավորները, ռեժիսորն անձամբ է նկարահանել։ Օրինակ՝ երբ Քրիս Հեմսվորթի դուբլյորը ցած է նետվել տանիքից կամ ընկել պատշգամբից, ռեժիսորը հետևել է նրան տեսախցիկով՝ կախված լինելով ճոպանների վրա:

«Էվակուացիա»–ն իր ոճով առավել մոտ է «Ռեյդ» և «Սիկարիո» ֆիլմերին։ Նկարահանման ոճով էլ մոտենում է օսկարակիր «1917»–ին։ Կինոթատրոնների չգործելու պայմաններում ֆիլմարտադրողների համար լավագույն լուծումն է կինոնկարները միանգամից ստրիմինգ–սերվիսների վրա թողարկելը։ Այդ առումով «Էվակուացիա»–ն առաջին բլոքբասթերն է, որ համարձակվել են համացանցում միանգամից ցուցադրել։ Առաջինն ու ամենաորակյալը։

Էքշն, էմոցիաներ, գեղեցիկ ու որակյալ պրոդաքշն, Քրիս Հեմսվորթ։ Սա այն ամենն է, ինչ պետք է ձեզ մեկուսացման ժամանակ լավ երեկո անցկացնելու համար։

Մեկնաբանություններ