Ծաղիկներ Էլջերնոնի համար
- Գրքեր, Մշակույթ

«Ծաղիկներ Էլջերնոնի համար». Դենիել Քիզ

40 տարի առաջ Դենիել Քիզի այս վեպը կարդում էին որպես ֆանտաստիկ ստեղծագործություն: Այսօր «Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպը ամենամարդկային, խորը հոգեբանական գրքերից է համարվում:

Անսպասելի և յուրօրինակ կառուցվածք ունեցող այս գիրքը գրավում է գլխավոր հերոսի առաջին իսկ մտքրի ու զգացմունքների հետ: Նրա զգացմունքների պրիզմայով ընթերցողն ասես վերևից նայում է ժամանակակից կյանքի և հասարակության սարսափեցնող պատկերին:

Անհատի ստեղծման և կործանման թեման այստեղ ներկայացված է սոցիալական խնդրի քողի տակ: Բոլորովին նոր տեսանկյունից բացահայտվում են ժամանակակից արժեքները, հարաբերությունների համակարգը:

Չարլիի անձնային աճի և անկման հրճվանքն ու ողբերգությունը քայլում են կողք կողքի՝ ոչ մի պահ չլքելով ընթերցողին: Արդյո՞ք մեզանից յուրաքանչյուրը տեսնում է իրեն շրջապատող իրականությունն այնպես, ինչպես այն կա, ինչպիսին կկանգնեին մեր առաջ մեր անցյալն ու ներկան, եթե մեր գիտակցությունն ու միտքը սահմաններ չճանաչեին:

Քիզը բացահայտել է ընկերության, սիրո, ատելության, նախանձի խորագույն շերտերը: Կարդալով այս գիրքը՝ ընթերցողը զրկվում է հնարավորությունից պարզապես ցավել հերոսի համար:

«Առաջ նրանք ինձ ատում էին անկիրթ և հիմար լինելուս համար, այժմ ատում են խելքի և գիտելիքների համար: Տեր Աստված, ի՞նչ է նրանց պետք ինձնից»,- ասում է Չարլին:

Չարլիի և Էլջերնոնի հետ հավասար ընթերցողը քայլում է գրքերի լաբիրինթոսում, և ասես իր սեփական մաշկի վրա զգում այդ ճանապարհի ամենացավոտ կողմերը:

 

Մեկնաբանություններ