մանիպուլիացիոն մեխանիզմներ
- Գիտություն, Կյանք

Մանիպուլիացիոն մեխանիզմներ

Մանիպուլիացիան երևույթ է, երբ մարդն իր կամքից անկախ՝ ենթագիտակցորեն ուղղորդվում է մեկ այլ անհատի կամ խմբի կողմից կողմից։ Ընդ որում այս երևույթը տարածվում է ոչ միայն առանձին մարդկանց, այլ նաև ամբողջ հասարակության վրա։

Օրեցօր զարգացող մեդիա դաշտում բավական դժվար է տարբերակել իրական և կեղծ տեղեկատվությունը, ինչը հիանալի հնարավորություն է մանիպուլիացիոն տարբեր գործիքներ կիրառելու համար։

«Քաղաք»-ն այս անգամ առաջարկում է ծանոթանալ մանիպուլիացիոն մի քանի մեխանիզմների, դրանցից զգուշանալու և ազդեցության տակ չընկնելու համար։

Կարծրատիպեր և կաղապարներ

Դրանք գիտակցության ուղղորդման ամենակենսունակ տեխնոլոգիաներից են: Դրանց հիմքում ընկած են ոչ թե ապատեղեկատվությունը, այլ տեղեկատվությունը կամ այնպիսի ձևակերպումը, որը տարիների հետ այնքան է ամրանում, որ աստիճանաբար ձեռք է բերում կաղապարային բնույթ:

Որպես կանոն, հասարակության լայն շրջանակները այդ կաղապարներն ու կարծրատիպերը չեն քննարկում, չեն վերլուծում, այլ դրանք ընդունում են այնպես, ինչպես դա մատուցվում է։

Միֆեր և առասպելներ

Եթե կարծրատիպերի և կաղապարների հիմքում ընկած է տեղեկատվությունը, ապա միֆերը և առասպելները մեծ մասամբ հենվում են ապատեղեկատվության վրա: Բացի այդ` միֆերի հիմքում կարող է ընկած լինել նաև միտումնավոր ընտրված տեղեկատվությունը:

Այդ միտումնավոր ընտրված տեղեկատվությունը, ինչպես նաև ապատեղեկատվությունը ձևավորում են այն միֆերը, որոնք դառնում են գործիք մանիպուլացիայի համար հասարակական գիտակցության մեջ:

Տեղեկատվության միտումնավոր ընտրություն

Արդի տեղեկատվական հոսքերի պայմաններում հաճախ լուրջ դժվարություն է առաջանում տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից, ինչպես նաև հստակ առանձնացնել այն տեղեկատվությունը, որը կարող է կարևոր դեր խաղալ հասարակական գիտակցության ուղղորդման վրա։

Ընդհանուր տեղեկատվական հոսքից ընտրվում, առանձնացվում է հենց այն տեղեկատվությունը, որը դառնում է գիտակցության ուղղորդման հիմնական գործիք: Որպես կանոն, մանիպուլացիոն տեխնոլոգիաները աշխատում են ոչ միայն հասարակության գիտակցության վրա, այլ նաև հաճախ ենթագիտակցության վրա:

Տեղեկատվության պարբերական կրկնություն

Այս տեխնոլոգիան մշակվել և գործի է դրվել մի շարք հետազոտությունների արդյունքների ուսումնասիրման հետևանքով:

ԱՄՆ-ի հետազոտողները պարզել են, որ, որպես կանոն, մարդկանց բացարձակ մեծամասնությունը տեղեկատվությունը ստանալուց 30 րոպե հետո մտապահում է այդ տեղեկատվության միայն 60 %-ը, 2 ժամ հետո  40 %-ը, իսկ օրվա ավարտին միայն 20 %-ը: Մեկ շաբաթ անց մտապահում է հաղորդած տեղեկատվության 6-7 %-ը լավագույն դեպքում, իսկ սովորաբար միայն 2 %-ը:

Հաշվի առնելով այս և նման հետազոտությունների արդյունքները` PR մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ պարբերաբար կրկնել տեղեկատվությունը:

Շշուկներ և ասեկոսեներ

Շշուկները և ասեկոսեները ամենատարածված մանիպուլացիոն տեխնոլոգիաներից են:

Երբեմն լուրջ դժվարություն է առաջանում կասեցնելու շշուկների առաջացումը և տարածումը: Ավելի հաճախ դրանք տարածվում են այնպիսի արագությամբ, որ անհրաժեշտություն է առաջանում տալ լրացուցիչ բացատրություններ և մեկնաբանություններ դրանց շուրջ:

Հուզական մեծ դաշտի ստեղծում

Հաճախ հասարակական լայն խմբերը այս կամ այն որոշումը կայացնելիս առաջնորդվում են հույզերով: Այս հանգամանքը արդյունավետ օգտագործում են PR մասնագետները:

Այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում մասնակցելու այս կամ այն գործողությանը, գործի է դրվում հուզական մեծ դաշտի ստեղծման տեխնոլոգիան, որը նշանակում է, որ հասարակության հույզերի կառավարումը դառնում է PR տեխնոլոգիա:

Կարդա նաև՝

Մարդկանց ամենազարմանալի ֆոբիաները

վախեր ֆոբիաներ զարմանալի քաղաք

 

Մեկնաբանություններ