- Կյանք, Հայաստան

Ռեստորաններն ու սրճարանները կգործեն բացօթյա տարբերակով

Մայիսի 4-ից կվերացվեն քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ: Տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն չի լինի։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշեց, որ թեպետ հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, բայց միևնույն ժամանակ հանրային տրանսպորտը չի գործի կորոնավիրուսի համավարակի տարածման ռիսկի պատճառով:

Այսպիսով, մի քանի օրից կվերացվեն գրեթե բոլոր սահմանափակումները՝ տնտեսության ոլորտում որոշակի բացառություններով:

Երկուշաբթի օրվանից մշակող արդյունաբերության հետ կապված սահմանափակումներ չեն լինելու, կվերսկսեն աշխատանքները տեքստիլ, կահույք, կոշիկ արտադրող ընկերությունները, պոլիգրաֆիական և այլ ենթաոլորտներ:

Ինչ վերաբերում է հանրային սննդի կազմակերպմանը, ապա կգործեն միայն այն սրճարանները, ռեստորաններն ու բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք, այսինքն՝ դրանց գործունեությունն ու հաճախորդներին սպասարկումը կթույլատրվի միայն բացօթյա տարածքում. փակ տարածքում սպասարկում չի իրականացվելու:

Վերաբացվում են նաև բուսաբանական, կենդանաբանական այգիները, արգելոցները և այլն:

Սպորտային օբյեկտների գործունեությունը բացառապես կթույլատրվի պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների համար: Կվերաբացվեն նաև գեղեցկության սրահները, լվացման, մաքրման ծառայությունները:

Ցանկացած ոլորտի համար մշակվել են առանձին ուղեցույցներ՝ անվտանգության և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար:

Մեկնաբանություններ