տեսակներ
- Խոհանոց, Կյանք

Սուրճի պատրաստման եղանակներ՝ աշխարհի տարբեր երկրներից

Շատերս մեր առավոտը չենք պատկերացնում առանց մեկ բաժակ բուրավետ, արթնացնող սուրճի: Օրը սուրճով սկսելու սովորությունը միավորում է աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց: Մի շարք երկրներում տեղացի ժողովուրդները սուրճի պատրաստման իրենց ազգային մշակույթն ունեն:

«Քաղաք»-ի այս նյութը սուրճի պատրաստման ամենահայտնի և սիրված տարբերակների մասին է:

Մեքսիկական Cafe de Olla

պատրաստման եղանակՄեքսիկացիների սիրած այս սուրճը յուրահատուկ քաղցրավուն համ ունի, որի հիմքում անիսոնի, մեխակի ու դարչինի համերի միահյուսումն է: Այսպիսի սուրճ պատրաստելու համար անհրաժեշտ են վերոնշյալ բաղադրիչները, աղացած սուրճ, շաքարավազ: Բոլոր բաղադրիչները պետք է եռման աստիճանի հասցնել հատուկ կավե տարաներում: Եփվելուց հետո սուրճը պետք է անցկացնել մանր ցանցով:  Ոմանք այս սուրճին շոկոլադ են ավելացնում, սակայն մեքսիկացիները պնդում են, որ շոկոլադը մարում է սուրճի իրական համը:

Սենեգալի հանրահայտ Café Touba

ՍենեգալԱյս սուրճը եփում են հասարակ ջազվեում, բայց դրան հավելում են գվինեական պղպեղ և մանրացված մեխակ: Համարվում է, որ այս սուրճի բաղադրատոմսի հեղինակը իսլամական Մյուրիդի շեյխ Ամադու Բամբա Մբակեն է, որը դրա պատրաստման եղանակը հորինել է 1880-ականներին:

Ի սկզբանե այս սուրճը բուժիչ էր համարվում, սակայն այժմ նրա քաղցր և հաճելի համը լայն տարածում է գտել ողջ Սենեգալում, այն խմում են տեղի բազմաթիվ ընտանիքներ:

Վիետնամական  Cà Phê Trứng

Վիետնամական սուրճՎիետնամական հայտնի՝ ձվից պատրաստվող սուրճը կարելի է դասել դեսերտների շարքին: Այն թխվածքի կրեմ է հիշեցնում: Այս ըմպելիքի պատրաստման համար նախ պետք է ձվի դեղնուցները հարել խտացրած կաթի և շաքարի հետ այնքան, մինչև կրեմանման զանգված ստանալը: Այնուհետև այս զանգվածին ավելացվում է վիետնամական սուրճը:

Ձվային սուրճը կարելի է համտեսել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում: Այն համտեսում են գդալով:

Ֆինլանդական Kaffeost

ՖինլանդիաՍուրճին կաթ ավելացնելն ընդունված է ամբողջ աշխարհում, սակայն Ֆինլանդիայի մի շարք շրջաններում սուրճին պանիր են հավելում: Kaffeost-ը կամ «պանրե սուրճը» ներկայումս լայն տարածում է գտել նաև Շվեդիայում:

Բավականին ամուր, բայց թեթև պանիրը ավելացնում են նոր պատրաստված տաք սուրճին: Որպես ձևավորում օգտագործում են մանր հատապտուղներ:

Իտալական Espresso

Ներկայումս գրեթե անհնար է սուրճ պատվիրել՝ չօգտագործելով իտալերեն բառեր: Հայտի և տարածված սուրճերի մեծամասնությունն իտալական անուններ են կրում: Հիմնականում դրանց բաղադրատոմսերի հիմքում Էսպրեսոն է: Այս սուրճի պատրաստման համար նախատեսված սարքերը մինչև 89-90 աստիճան տաքացած ջուրը ճնշման տակ անցկացնում են մանր աղացած սուրճով և արդյունքում բարիստան հիանալի փրփուրով անուշահոտ սուրճ է ստանում:

Էսպրեսոյի հիմքի վրա պատրաստվող սուրճերի տեսականին մեծ է, դրանցից են հայտնի Մակիատոն (Էսպերոսո՝ գոլորշու վրա պատրաստված կաթի հավելումով), Մոկկոն (Էսպրեսո՝ շոկոլադով) և Դոպիոն (Կրկնակի Էսպրեսո):

Արևելյան սև սուրճ

սև սուրճ

Արևելյան սուրճը վերոնշյալներից ամենալայն տարածումն ունի Հայաստանում: Մանրացված սուրճը պատրաստվում է ջազվեում և մատուցվում չֆիլտրված՝ բաժակի տակ առաջացող նստվածքով:

Արևելյան այլ երկրներում սև սուրճին հիլ են ավելացնում, ինչն առանձնահատուկ համ և բույր է պարգևում դրան:

Իսկ ինչպիսի՞ սուրճ ես սիրում դու:

Մեկնաբանություններ