- Ճարտարապետություն, Մշակույթ

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից 1 տարի է անցել. ինչպես էին փրկում Ֆրանսիայի հոգին

Ուղիղ մեկ տարի առաջ Փարիզում հրդեհվեց Փարիզի Աստվածամոր տաճարը։ Ողջ աշխարհը սառած և արցունքներն աչքերին հետևում էր, ինչպես է մեռնում Փարիզի հոգին…

«Քաղաք»-ը հիշում է, թե ինչ է տեղի ունեցել տաճարի հետ  և նրա շուրջ վերջին 12 ամիսների ընթացքում՝ դրամահավաք, առաջին ժամերգություններ և վերականգնման աշխատանքներ։

Սարսափելի հրդեհը տևել էր ավելի քան 9 ժամ։ Տաճարում ամբողջովին այրվել և փլուզվել էր տանիքը՝ XIX դարում տեղադրված ժամացույցների և գմբեթների հետ միասին։ 12 առաքյալների արձանները, որոնք զարդարում էին տանիքը, չէին տուժել, քանի որ նախապես ապամոնտաժվել էին և ուղարկվել վերականգնման։ Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը, բարեբախտաբար, հաջողվել էր փրկել։

Տեղի ունեցածը ցնցել էր սոցցանցերի օգտատերերին։ Գրեթե անմիջապես Ֆեյսբուքում և Twitter-ում սկսեցին հրաժեշտ տալ լեգենդար ճարտարապետական հուշարձանին: Փարիզեցիները օրհներգ էին երգում տաճարի փրկության համար։

Ողբերգության հաջորդ օրը Ֆրանսիայի ամենահարուստ ընտանիքները՝ Բետանկուրները (L’Oreal ընկերության սեփականատերերը), Առնոները (LVMH կոնգլոմերատ) և Պինոները (Artemis ընկերությունները և Kering հոլդինգը), հայտարարել են, որ համապատասխանաբար 200-ական, 100-ական և 100 միլիոն եվրո կհատկացնեն Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար: 100 մլն եվրո խոստացել էր նաև նվիրաբերել Total S. A. նավթային ընկերությունը, Փարիզի քաղաքապետարանը՝ 50 մլն եվրո, իսկ Իլ դը Ֆրանսը՝ 10 մլն եվրո: Սակայն, ինչպես հետագայում հայտնել է տաճարի ներկայացուցիչ Անդրե Ֆինոն, Նոտր-Դամը գործարարներից խոստացված գումար չի ստացել։

Տաճարի վերակառուցման բազմամիլիոնանոց հավաքների մասին լուրը զայրացրել էր ֆրանսիացի անօթևաններին։ Ապրիլի 22-ին 50 մարդ դուրս էր եկել տաճարի մոտ՝ «Մեզ նույնպես տանիք է պետք» կարգախոսով։

Այդուհանդերձ, չնայած հրդեհին՝ պահպանվել են ոչ միայն հուշարձանները, այլև տաճարի տանիքում ապրող 180 հազար մեղուները։ Նրանք այրված տանիքից 30 մետր հեռավորության վրա են եղել և չեն տուժել։ Հրդեհից մի քանի օր անց նրանք սկսել են վերադառնալ փեթակներ։

Մայիսին տաճարի վերականգնման իր նախագիծն առաջարկել էր Vincent Callebaut Architectures ճարտարապետական բյուրոն։ Ճարտարապետներն առաջարկել են Նոտր Դամի տանիքի վերականգնման համար օգտագործել ածխածնային մանրաթել, կաղնի և ապակի։

Արդեն հունիսի կեսերին տաճարում տեղի է ունեցել հրդեհից հետո առաջին պատարագը։ Ճիշտ է, այն պատճառով, որ այրված շենքում գտնվելը վտանգավոր էր, բոլոր ներկաները պաշտպանիչ սաղավարտներ էին կրում։

2019 թվականի հունիսին տաճարի պաշտոնական ներկայացուցիչ Անդրե Ֆինոն հայտնել էր, որ տաճարի վերականգնման համար գումարի մեծ մասը նվիրաբերել են սովորական ֆրանսիացիներն ու ամերիկացիները։ Ֆինոյի և Առնոյի ընտանիքները փոխանցել են մոտ 400 մլն եվրո։

Փարիզում հուլիսյան անոմալ շոգի ժամանակ տաճարը կարող էր փլուզվել այն պատճառով, որ պատերին շատ խոնավություն է մնացել։ Այն կարող էր արագ չորանալ, և այդ դեպքում շինության կրող կառույցի փլման վտանգ կառաջանար։ Բանվորները կանխել էին ավերածությունները՝ հատուկ ամրակմեր ստեղծելով։

Այսօր դեռ հայտնի չէ, թե ինչու էր բռնկվել Նոտր-Դամը։ Կան երեք հիպոթեզներ՝ կարճ միացում, չհանգեցրած ծխախոտ և շինարարական վերելակի վթար:

Մեկ տարի անց վերականգնողներն այդպես էլ համաձայնության չեն եկել այն մասին, թե ինչպսին պետք է լինի տաճարի վերջնական տեսքը։ Կառավարությունը լսում է ճարտարապետների տարբեր տեսակետներ։ «Մի երկրում, որտեղ կարող են ամիսներ շարունակ վիճել այն մասին, թե ինչ ձև պետք է տալ Նոտր-Դամի տաճարի գմբեթին, ոչինչ չի կորել, ոչինչ չի մեռնի»,- հեգնանքով նկատել են կառավարությունում:

Հայտնի չէ, թե կհասցնեն արդյոք 2024 թվականին վերականգնել տաճարը, ինչպես հայտարարել է Մակրոնը: Այժմ տաճարի վերակառուցմանը միջամտել է կարանտինը COVID-19 պանդեմիայի պատճառով։

Հիմնական աշխատանքները նախատեսված են 2021 թվականին, սակայն դրա համար 2020 թվականի մարտին պետք է սկսվեր դրանց նախապատրաստումը։ Կարանտինը խանգարեց այդ պլաններին։

Ապրիլի 10-ին Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին տաճարում մատուցեց հրդեհից հետո առաջին պատարագը։ Տաճար էին բերել Քրիստոսի փշե պսակը. այն հրաշքով հաջողվել էր փրկել 2019 թվականի ապրիլին։ Օպետին հայտարարել է, որ տաճարի սրտում պատարագը «հույսի շող» է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, իսկ տաճարը, թեև հրդեհից ավերվել է, բայց դեռ կանգնած է:

Ինչևէ, Փարիզի հոգին ողջ է, այն չի տապալվել, ուրեմն ողջ է նաև Փարիզը…

Մեկնաբանություններ