- Առողջապահություն, Արցախ, Կյանք, Հայաստան, Մարզեր, Քաղաքական

1 տարի փակված մնալ հնարավոր չէ. Փաշինյան

ՀՀ կառավարությունն ու պարետատունն անցնում են կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն պայքարի փուլ: Այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը:

«Ակնհայտ է, որ մենք առնվազն մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ պիտի շարունակենք ունենալ կորոնավիրուսի նոր դեպքեր, քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի հայտնաբերվել: Այնուամենայնիվ, վաղվանից մենք որոշեցինք ամեն ինչ անել ու կեցության նոր պայմաններ ապահովել, որպեսզի կարողանանք զուգահեռ ապրել կորոնավիրուսի հետ և ոչ թե փակված մնալ: Որովհետև հավատացեք, որ 1 տարի շարունակ փակված մնալ հնարավոր չէ»,- ասաց Փաշինյանը:

Եվ, քանի որ արտակարգ դրության երկու ամիսները ցույց տվեցին, որ անգամ ամենախիստ սահմանափակումների դեպքում համաճարակի հաղթահարումը հնարավոր չէ, վարչապետի խոսքով, որոշել են անցնել սահմանափակումների ավելի մեղմ ռեժիմի:

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ երկու ամիսների սահմանափակումները թեև բերեցին դեպքերի հնարավոր տարածման որոշակի զսպման, բայց ամբողջությամբ հաղթահարել հիվանդությունը, հնարավոր չեղավ:
Մյուս կողմից, հույսերը, որ եղանակի ջերմացումը կբերի դրական արդյունքների ու կկանխի վարակի տարածումը, Ավինյանի խոսքով, ևս չիրականացան:

«Բարձր ջերմաստիճակի դեպքում վարակը տարածվում է: Նման փորձ արդեն ունեն արաբական երկրները, որտեղ 30-35 աստիճանի դեպքում վարակը շարունակում է տարածվել»,- նշեց Ավինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ իր խոսքում անդրադարձավ վերջին օրերին վարակի հայտնաբերված դեպքերի աճին: Նրա խոսքով՝ դա հետևանք էր որոշակի սահմանափակումների մեղմացման ու տեղաշարժի որոշ ազատությունների:

«Մենք տեսնում ենք, որ անվտանգության կանոնները լավ չեն պահպանվել, կամ առնվազն՝ լավ չեն պահպանվել՝ թե՛ արտադրական կոլեկտիվներում ու թե հավաքատեղիներում»,- ասաց Թորոսյանը:

Մեկնաբանություններ