- Աշխարհ, Առողջապահություն, Գիտություն

270 անգամ ավելի վտանգավոր. Կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում

Կորոնավիրուս SARS-CoV-2-ն ակտիվ մուտացիայի է ենթարկվում, ինչը կարող է դժվարացնել դրա դեմ դեղամիջոցների ու պատվաստանյութերի մշակումը, նախազգուշացնում են չինացի գիտնականները: Վիրուսի առավել ագրեսիվ տեսակները կարող են տալ հարյուրավոր անգամ ավելի բարձր վիրուսային բեռ, քան թույլերը։ Միևնույն ժամանակ, աշխարհի տարբեր մասերին բնորոշ են իրենց մուտացիաները։

Չժեցզյանի համալսարանի (Չինաստան) գիտնականներն իրենց աշխատանքը հրապարակել են MedRxiv ծառայությունում:

Հետազոտողները վերլուծել են Հանչժոու քաղաքից 11 տարբեր հիվանդներից վերցված վիրուսի նմուշները։ Նրանց հետաքրքրում էր, թե ինչպես է վիրուսը հաջողությամբ վարակում և սպանում բջիջները։ Ինչպես պարզվեց, յուրաքանչյուր նմուշ ունեցել է առնվազն մեկ մուտացիա, որը տարբերում է մյուսներից։

Ընդհանուր առմամբ, հետազոտողները հայտնաբերել են վիրուսի ավելի քան 30 տարբեր մուտացիաներ։ Նրանցից 19-ը մինչ օրս հայտնի չեն եղել։ Մուտացիաները հիմնականում վերաբերում էին վիրուսի սպիտակուցների շերտերին: Սրանց միջոցով վիրուսը կցվում է բջիջներին։

Առավել ագրեսիվ տեսակները կարող են 270 անգամ ավելի մեծ վիրուսային ծանրաբեռնվածություն ստեղծել, քան քիչ ագրեսիվները, նշում են գիտնականները:

“SARS-CoV-2 ձեռք է բերել մուտացիաներ, որոնք կարող են էապես փոխել իր պաթոգենությունը”, – գրում են հետազոտողները։

Աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ բուժաշխատողները զգալիորեն թերագնահատել են վիրուսի մուտացիայի ընդհանուր կարողությունը, նշում են հեղինակները: Վիրուսի տարբեր տեսակներ տարածված են աշխարհի տարբեր մասերում, ինչը դժվարացնում է վիրուսի դեմ պայքարը։

Հետազոտողները ընդգծում են, որ վիրուսային շտամների իսկական բազմազանությունը թերագնահատվում է:

Միևնույն ժամանակ, որոշ մուտացիաներ կարող են, ընդհակառակը, օգնել հաղթել վիրուսին։ Այսպես, ԱՄՆ-ի Սկրիպսի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր “աքիլեսյան գարշապարը”, որը խոցելի է հակամարմինների համար։

Հետազոտողները ուսումնասիրել են ատիպիկ թոքաբորբով հիվանդներից մեկի հակամարմինները, որոնք ստացվել են դեռեւս 2003 թվականին, ու փորձել են հետևել, թե ինչպես են նրանք պայքարում SARS վիրիոնների դեմ: Չնայած նրան, որ հակամարմինները բավականին թույլ են, նրանք թույլ են տվել հասկանալ, թե որտեղ է գտնվում վիրուսի խոցելի տեղը:

Այն շրջանը, որի հետ փոխազդել են հակամարմինները, նման էր SARS-CoV-2-ին, նշում են հետազոտողները:

Եվ, ըստ երևույթին, դա կարևոր է վիրուսի գոյության համար, քանի որ այնտեղ տեղի չեն ունեցել զգալի մուտացիաներ։

“Մենք հայտնաբերել ենք խոցելի տեղ, որը թաքնված է վիրուսային թաղանթի տակ ու հասանելի է դառնում միայն այն ժամանակ, երբ վիրուսը փոխում է իր կառուցվածքը վարակման գործընթացում”, ֊ պարզաբանել է աշխատանքի հեղինակներից մեկը՝ բժիշկ Մեն Յանը:

Հետազոտողները հույս ունեն, որ նման թաքնված, ոչ ակնհայտ խոցելիությունների որոնումը թույլ կտա ավելի արագ և արդյունավետ կերպով մշակել SARS-CoV-2-ի ու այլ կորոնավիրուսների դեմ դեղամիջոցներ ու պատվաստանյութեր, որոնք ապագայում կարող են հայտնվել։

Մեկնաբանություններ