- Արցախ, Կյանք, Հայաստան

29 տարի առաջ մեկնարկեց «Օղակ» գործողությունը

1991 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները` ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ԽՍՀՄ բանակի ստորաբաժանումնեի հետ համատեղ կազմակերպեցին և իրականացրին Արցախի ու Հայաստանի մի քանի տասնյակ բնակավայրերի տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Օղակ» («Կոլցո») գործողությունը։

1991 թ ապրիլի 30-ին Գանձակում (Կիրովաբադ) տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ է առնում Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։

Օղակ գործողությունը մասնակցում էին նաև ռուս կամավորականներ: Այս գործողությանը ժամեր անց հետևում է Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ազերի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։

Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով հայաբնակ գյուղերի բնակիչներին ազերիները բռնի կերպով ուղղաթիռներով արտաքսում Ստեփանակերտ կամ Կիրովաբադ, ապա՝ Հայաստան։

Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը Արաբո ջոկատի հրամանատարությունն ապրիլի 19-ից ստանձնած Սիմոն Աչիկգյոզյանը, Հարազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը զոհվում են անհավասար կռվում։

Գործողությունները տևում են մեկ շաբաթ։ Տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ են գնդակահարվում ու կացնահարվում (հիմնականում՝ տարեց մարդիկ)։ Շուրջ հարյուր տղամարդկանց օմոնականները գերի են քշում Կիրովաբադ։

Ականատեսների վկայությամբ, օպերացիայի արդեն իսկ առաջին օրվանից շրջակա ադրբեջանական գյուղերի հազարավոր բնակիչներ խուժում են Գետաշեն ու Մարտունաշեն, և սկսում թալանել հայերի ունեցվածքը։

 

Մեկնաբանություններ