- Արցախ, Կյանք, Հայաստան, Մարզեր

4 տարի անց․ Ապրիլյան պատերազմի սարսափելի օրերը

Անցել է 4 տարի ապրիլյան քառօրյա պատերազմից: 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններ է սկսել արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով:

Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

 

Ապրիլի 2

Ապրիլի 2-ի առավոտյան հայկական կողմը հայտնել է թշնամական զորքերի մսրդկային կորուստների ու ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։

Այնուհետև Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծությունից Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էին։

Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը։

 

Ապրիլի 3

Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, թշնամու զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են վարել ագրեսիվ ռազմական գործողություններ հարավային ուղղությամբ։

Հայ զինվորները Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ ու հետևակի մարտական մեկ մեքենա:

Նույն օրը՝ գիշերը, ադրբեջանական կողմը ականանետերով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա բնակավայրերը:

 

Ապրիլի 4

Ադրբեջանական զինուժը մարտի է նետում մարտական անօդաչու թռչող սարքեր։

Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծում է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, մեր կողմը տալիս է 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են նաև երկու գյուղապետ:

Հայ հրետանավորները շարքից հանում են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցում են մեկ հարվածային ԱԹՍ:

 

Ապրիլի 5

 

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը թշնամին գործի է դրել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։

Ժամը 12։00-ի դրությամբ հաստատվում է հրադադար, դադարեցվում են ռազմական գործողությունները։

 

Ապրիլի 6

Հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվում է կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը։

 

Ապրիլի 7

Բայց անկուշտ հրոսակները ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ ադրբեջանցիները հետ են շպրտվել:

 

Ապրիլի 8

Ապրիլի 8-ին հայկական և ադրբեջանական կողմերը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի ներկայացուցչի օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ։

2016 թվականի ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմը ունեցել է 110 զոհ և 121 վիրավոր զինծառայող ու կամավորական: Թշնամին զավթել է մոտ 800 հա տարածք:

 

Ինչ վերաբերում է թշնամուն, Ադրբեջանի ՊՆ-ն շրջանառության մեջ դրեց 31 մահացածի մասին կեղծ հաղորդագրությունը, իսկ «OSTKRAFT» վերլուծական կենտրոնը հրապարակեց գաղտնի տեղեկատվության, որ ադրբեջանցիները մարտի դաշտում թողել են 800 լեշ:

Մեկնաբանություններ