Էրիկ Կլեպտոն Լեյլա քաղաք
- Երաժշտություն, Մշակույթ

Ձոն սիրահարվածներին․ Ինչպե՞ս ծնվեց Կլեպտոնի լեգենդար «Լեյլա»-ն

Դու, հավանաբար, բազմիցս լսել ես Էրիկ Կլեպտոնի լեգենդար «Լեյլա» երգը և մտածել ես՝ ինչ մեծ և կախարդական սիրո արդյունքում կարող էր նման ստեղծագործություն ծնվել։

«Լեյլան» յուրօրինակ ձոն է բոլոր սիրահարվածներին, բոլոր նրանց, ում սրտում կրակ է վառվում։ Առաջին հայացքից պարզ, մեղեդային և սիրառատ այս երգը, սակայն, իր հետևում մարդկային մի քանի ճակատարգրեր և պատմություններ է կրում։

«Քաղաք»-ի այս անդրադարձն այս հավերժական սիրո արդյունքում ծնված երգի, դրա անգերազանցելի մուսայի և Կլեպտոնին այս երգը ստեղծելուն ոգեշնչած լեգենդի մասին է։

Փաթի Բոյդը և Էրիկ Կլեպտոնը

Էրիկ Կլեպտոնն այս երգը նվիրել է հայտնի մոդել Փաթի Բոյդին, որին անմնացորդ սիրահարված էր։ Երգի ստեղծման ժամանակ Բոյդն ամուսնացած էր Կլեպտոնի մտերիմ ընկերոջ՝ լեգենդար «Beatles» խմբի անդամ Ջորջ Հարիսոնի հետ։

Լեյլան մերձարևելյան տարածված անուն է։ Այն առաջացել է արաբական «leil»՝ գիշեր բառից և նշանակում է «գիշերով ծնված»։

Կլեպտոնի ընկերը՝ Յան Դալասը, ով այն ժամանակ իսլամ էր ընդունել, Կեպտոնին պատմել էր արաբական «Լեյլի և Մաջնուն» պոեմի մասին, որի հիմքում երիտասարդ պոետ Հենս իբն ալ Մուլավայի և Լեյլա (Լեյլի) անունով աղջկա սիրո պատմությունն է։ Աղջկա հայրը դստերը ստիպողաբար ամուսնացնում է մեկ ուրիշի հետ։ Երտասարդ պոետն, իմանալով սիրելիի ամուսնության մասին, լքում է բնակավայրը և սկսում թափառել անապատներով։ Դեգերումների ժամանակ նա Լեյլայի մասին պոեմներ է հորինում։ Մարդիկ, տեսնելով խոլագարված երիտասարդին, նրան կոչում են «Մաջնուն Լեյլա» (Լեյլայի համար խելագարված) կամ պարզապես Մաջնուն (խելագարված)։ Լեյլան ամուսնու հետ մեկնում է Իրաք, որտեղ հիվանդանում է ու մահանում։ Որոշ ժամանակ անց մահացած են գտնում նաև Հենսին։

Այս դաժան սիրո պատմությունը մեծ ազդեցություն է ունենում Կլեպտոնի վրա, ում սիրելին ևս ամուսնացած էր այլ տղամարդու հետ։ Հենց այս պոեմի մասին լսելուց հետո է երաժիշտը որոշում գրել այս հայտնի երգը, որը հենց կոչում է «Լեյլա»։

Փաթի Բոյդը

«Wonderful Tonight: George Harrison, Eric Clapton, and Me» գրքում Բոյդը հիշում է այն օրը, երբ առաջին անգամ լսեց այդ երգը․

«Մենք հանդիպեցինք Քենսինգտոնի հարավում գտնվող բնակարանում։ Էրիկը խնդրեց, որ լսեմ իր նոր երգը։ Նա միացրեց երաժշտությունը, և ես լսեցի երբևէ իմ իմացած ամենագեղեցիկ երգը։ Դա «Լեյլան» էր՝ երգ մի մարդու մասին, ով սիրահարված է մի կնոջ, ով նույնպես սիրում է իրեն, սակայն ուրիշի կողքին է։ Նա մի քանի անգամ միացրեց երգը և ողջ ընթացքում ուշադիր նայում էր ինձ, ուզում էր տեսնել, թե ինչպես կարձագանքեմ։ Առաջինն, ինչ մտածեցի՝ «Աստված իմ, բոլորն անմիջապես կհասկանան՝ երգն իմ մասին է»։

Փափի Բոյդը և Ջորջ Հարիսոնը

Հենց այդ երեկո Կլեպտոնն ընկերոջը՝ Ջորջ Հարիսոնին խոստովանեց, որ սիրահարված է վերջինիս կնոջը։

Սա, որքան էլ զարմանալի է, չփչացրեց նրանց ընկերությունը։ Փաթին և Հարիսոնը միասին ապրեցին ևս մի քանի տարի, ինչից հետո ամուսնալուծվեցին և 1979-ին Փաթին ամուսնացավ Կլեպտոնի հետ։ Հարսանիքին, ի դեպ, ներկա էր նաև Հարիսոնը։ Միությունը, սակայն, երկար չտևեց․ 10 տարի անց զույգն ամուսնալուծեց։

Եվ չնայած դրան, այս ֆանտաստիկ սիրո պատմությունը և դրա արդյունքում ծնված երգը մինչև հիմա ոգեշնչում է շատերին։

«Քաղաք»-ն առաջարկում է ևս մեկ անգամ վայելել այս հիանալի կատարումը։

Երգի ողջ հմայքն ու փոխանցած էմոցիաներն անհնար է նկարագրել։ Կլեպտոնը սիրելիին խնդրում է թողնել իր հիմար հպարտությունը և չմերժել իր սերը։ «Լեյլա, ահա, ես ծնկի եմ իջել քո առաջ, խնդրում եմ, սիրելիս, մեղմացրու անհագիստ մտքերս, խնդրում եմ, մի ասա, որ մենք չենք կարող ընդհանուր ուղի գտնել և մի ասա, որ իմ սերն իզուր է»,- երգում է նա։

Առաջարկում ենք երգը լսել նաև Derek And The Dominos-ի կատարմամբ։

Կարդա նաև՝ 

Ջենիս Ջոփլին

Մեկնաբանություններ