քաղցրավենիքներ քաղցր օգտակար քաղաք
- Խոհանոց, Կյանք

Հատուկ քաղցրասերների համար․ Ամենահամեղ և օգտակար քաղցրավենիքները

Շատերն իրենց կյանքը պարզապես չեն կարող պատկերացնել առանց քաղցրավենիքների։ Եվ սա բացատրելի է․ քաղցրը էներգիայի աղբյուր է համարվում, այն ուղեղն ու ողջ օրգանիզմը սնուցում է օգտակար և կարևոր տարրերով։ Հաճախ քաղցրն օգնում է խուսափել դեպրեսիաներից։

Եթե դու նույնպես քաղցրավենիքների մեծ սիրահար ես, բայց դրանք վատ են անդրադառնում կազմվածքիդ վրա, ապա պետք է մտածել՝ ո՞ր քացրավենիքներն արժե համտեսել, իսկ որոնցից ավելի լավ է զերծ մնալ։

Հատուկ մոլի քաղցրակերների համար «Քաղաք»-ն առանձնացրել է քաղցրավենիքների այն տեսակները, որոնք ոչ միայն վնասակար չեն, այլև մեծ օգուտ կհասցնեն քո օրգանիզմին։

Շագանակագույն եղեգնաշաքար

Պարզապես սպիտակ շաքարը եղեգնաշաքարով փոխարինելու և անմիջապես ավելորդ քաշից ազատվելու հույսեր պետք չէ ունենալ։ Կալորիականությամբ այն բավականին քիչ է տարբերվումում սպիտակ շաքարից, բայց սա, թերևս, եղեգնաշաքարի միակ թերությունն է։ Այն առավել քիչ մշակման է ենթարկվում, պահպանում է շատ կարևոր տարրեր։ Եղեգնաշաքարը հարուստ է կալիումով, մագնիումով, երկաթով, կալցիումով, ցինկով, ֆոսֆորով, նատրիումով և B խմբի վիտամիններով։ Այս շարաքը շատ օգտակար է նյարդային համակարգի համար, բացի այդ, այն օգնում է ազատել օրգանիզմն ավելորդ նյութերից։

Մրգեր և հատապտուղներ

Մարդու կողմից մշակման ենթարկվող ոչ մի քաղցրավենիք չի կարող օգտակարությամբ համեմատվել մրգերի և հատապտուղների հետ։ Դրանցում առկա օգտակար նյութերի քանակը գերազանցում է ցանկացած այլ քաղցրավենիքի պարունակած տարրերին։ Մրգերն ու հատապտուղները անհամեմատ օգտակար են թարմ վիճակում, պահածոյացված վիճակում դրանք կորցնում են օգտակար հատկանիշները։

Ցուկատներ

Շաքարային օշարակի մեջ պատրաստված մրգերը, հատապտուղներն ու նույնիսկ բանջարեղենի որոշ տեսակներ շատ օգտակար են օրգանիզմի համար։ Ճիշտ պատրաստման դեպքում դրանք նաև հիանալի համ են ունենում։ Ցուկատները հարուստ են սպիտակուցներով, կալիումով, երկաթով և կալցիումով։

Հալվա

Քեզ կարող է զարմացնել այս ցանկում հալվայի առկայությունը, քանի որ այն յուղային է։ Գաղտինքը կայանում է նրանում, որ հալվայի պարունակած յուղերն օգտակար են մարդու օրգանիզմի համար։ Արևելյան այս քաղցրավենիքը պարունակում է կարևոր պրոտեիններ, օրգանական թթուներ, B և E վիտամիններ։ Այն օգնում է սրտի աշխատանքին, նյարդային համակարգին, մարսողությանը։ Այս ամենից զատ հալվան զգալիորեն ամրապնդում է իմունիտետը։

Չրեր

Առանց շաքարի պատրաստված, բնական չրերը, թերևս, նշվածներից ամենաօգտակար քաղցրավենիքն են  համարվում։ Դրանք պարունակում են ֆրկուտոզա, պեկտին, հակաօքսիդանտներ։ Այս ամենն օգնում է աղիքային համակարգի, սրտի և անոթների, երիկամների և լյարդի լավ աշխատանքին։ Չնայած նման օգտակարությանը՝ չրերը բարձր կալորիականություն ունեն, հետևաբար պետք չէ չարաշահել դրանց օգտագործումը։

Բնական մեղր

Մեղրը նույնպես բարձր կալորիականություն ունի, բայց խտության ու քաղցրության պատճառով այն օրվա մեջ օգտագործվում է ոչ մեծ չափաբաժիններով, հետևաբար վատ չի անդրադառնում կազմվածքի վրա։ Մեղր նախընտրելի է ուտել առավոտյան, դա օգնում է ողջ օրվա ընթացքում չզգալ հոգնածություն, թուլություն և ճնշման տատանումներ։ Մեղրն օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, ստամքոսի աշխատանքը, օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղածին տարրերից։ Պետք չէ մոռանալ, որ մեղրը ալերգածին է։

Մուգ շոկոլադ

Մուգ շոկոլադ սիրում են գրեթե բոլորը, բայց քչերը գիտեն դրա օգտակար հատկությունների մասին։ Այն բարելավում է արյան շրջանառությունն ու մարսողությունը, կարգավորում ճնշումը, օրգանիզմին էներգիա պարգևում, օգնում կենտրոնացնել ուշադրությունը։ Մուգ շոկոլադի չափավոր օգտագործումը պաշտպանում է կաթվածներից, զերծ է պահում տրոմբերի առաջացումից։

Իսկ ո՞րն է քո ամենասիրելի քաղցրավենիքը։

Կարդա նաև՝ 

Մեկնաբանություններ