- Երաժշտություն, Մշակույթ

Stromae. ֆրանսալեզու ժամանակակից երաժշտության մաեստրոն

Ֆրանսիական և բելգիական, այնուհետև նաև անգլախոս աշխարհի սիրտը գրաված Պոլ Վան Ավերը, ով ավելի հայտնի է Stromae կեղծանունով, 2013 թվականից ի վեր նոր գաղափարներով, նախադեպը չունեցող շոուներով, երգերով և պրոֆորմանսներով զարմացնում է իր երկրպագուներին։ Եվ չնայած, որ վերջին շրջանում նա ստեղծագործական դադարի փուլում է՝ «Քաղաք»-ը որոշել է վերհիշել հիանալի երաժիշտի լավագույն կատարումները։

«Alors on danse», «Papaoutai», «Formidable», «Tous les mêmes» և այլ հայտնի հիթերի հեղինակ Stromae-ն ծնվել է բելգիուհու և ռուանդացու ընտանիքում։ Հայրը սպանվել է Ռուանդայի ջարդերի ժամանակ։ Կենսագրության այս մասին երաժիշտը մի քանի երգ է նվիրել։ Նրան հաճախ են հարցնում՝ ինչ է նշանակում իր կեղծանունը։ Փոլն ամեն անգամ առանց զլանալու պատասխանում է, որ դա ֆրանսիական սլենգի՝ վեռլանի արդյունք է, որով բառերը կիրառվում են վանկերի տեղափոխությամբ․ այսպես իր կեղծանունն առաջացել է Maestro բառից։ Այս նույն տրամաբանությամբ երաժշտական կարիերային զուգահեռ Փոլը հիմնեց իր հագուստի հավաքածուն, որն անվանեց Mosаert:

Երիտասարդ երաժիշտի անհավանական հաջողության գաղտնիքը մեծ տաղանդն է և անկեղծ, հոգու խորքից եկող կատարումները։ Արատքինից Փոլին հաճախ են նմանեցնում երիտասարդ Բարաք Օբամային, կատարման ձևով՝ իր ազգակից Ժակ Բրելին, երբեմն Կլոդ Նուգարոյին, Գաետան Ռուսելին։

2010 թվականին «Alors on danse» (Դե ինչ, պարե՞նք) երգի մեծ շլացնող հաջողությունից հետո լույս տեսավ Stromae-ի առաջին՝ «Cheese» ալբոմը, որը կրկնապատկեց Փոլի հաջողությունը։


Հաջորդ՝ «Papaoutai» երգը տպավորեց ոչ միայն խորաթափանց տեքստով, որը համադրված էր պարային, ռիթմիկ երաժշտությամբ, այլև հուզիչ տեսահոլովակով։ «Բոլորը գիտեն՝ ինչպես երեխա ստեղծել, բայց ոչ ոք չգիտի՝ ինչպես հայր ստեղծել»՝ սա էր այն հիմնական միտքը, որը Փոլը դրել էր երգի հիմքում։

Stromae-ի հաջորդ ալբոմի առաջին երգը դարձավ «Ta fête»-ը (Քո տոնը), որը պատմում է տոների ավարտի, հուսահատության և սեփական հոգում ուրախության մասին։ Հերթական անգամ Stromae-ն ապացուցեց, որ լուրջ, ցավալի թեմաների մասին կարելի է խոսել պարեցնող, ակումբային երաժշտության տակ։

Որոշ ժամանակ անց Փոլը ներկայացրեց «Tous les mêmes» (Բոլոր մարդիկ նույնն են) երգը, որը հակասական ընդունվեց և բազմաթիվ քննադատությունների առիթ դարձավ։ Տեսահոլովակը, որտեղ Stromae-ն հանդես է գալիս միաժամանակ կնոջ և տղամարդու կերպարներով, զարմանալի է, ինքնատիպ և օրիգինալ։

Տաղանդավոր Stromae-ի ուշադրությունից չվրիպեց նաև աշխարհահռչակ «Կարմեն» օպերան, որի մոտիվներով մնա ստեղծեց իր սեփական «Carmen»-ը, որում խոսեց սոցիալական ցանցերի կործանարար ազդեցության մասին։ «Սերը, ինչպես Twitter-ի թռչունը․․․»՝ այսպիսին էր Ժորժ Բիզեի ստեղծագործության վարիացիան՝ ըստ Վան Ավերի։

Stromae-ի երգացանկում հայտնի է նաև «Ave Cesaria»-ն, որը երաժիշտը նվիրել է իր ամենասիրելի երգչուհուն՝ Սեզարիա Էվորային։

Այդուհանդերձ, Փոլի ամենասիրված և հայտնի երգը նրա արդեն լեգենդար դարձած «Formidable»-ն է։ Երգի հիանալի երաժշտությունից և հուզիչ տեքստից զատ այն տպավորեց տեսահոլովակի ինքնատիպ գաղափարով։ Առավոտյան ժամը 7-ին Փոլը դուրս եկավ բելգիական փողոցներից մեկը և, հարբած ձևանալով, ստեղծեց այս գլուգործոցը։


Կարդա նաև՝ 

Էրիկ Կլեպտոն Լեյլա քաղաք

Մեկնաբանություններ